My Bloody Valentine - mbv

21 տարի. այդքան պահանջվեց Քեվին Շիլդսից (Kevin Shields), որպեսզի My Bloody Valentine-ը վերջացնի նոր (նո՞ր, սրա մասին` քիչ հետո) ալբոմի աշխատանքները: Որոշ մարդկանց համար ավելի պոետիկ կհնչեր 27 տարին, բայց ուշադրություն մի դարձրեք ինձ:

Անցած շաբաթ˗կիրակի My Bloody Valentine-ը որոշեցին կիսել նոր ալբոմը սովորական մահկանացուներիս` նոր երկրպագուների ու տասնամյակներ այս ալբոմին սպասած մարդկանց հետ: Նոր ձայնագրությունը կոչվում է mbv և այն իր բոլոր 9 երգերով հանդերձ կարելի է լսել YouTube-ի միջոցով: YouTube-ին My Bloody Valentine-ը դիմեց այն բանից հետո, երբ ալբոմը հայտարարելու արդյունքում խմբի պաշտոնական կայքը չդիմացավ ու երկար ժամանակ անհասանելի էր: Երգերը, ալբոմի շապիկը` վերևում, երգացանկը` ստորև:

Նոր ալբոմը պետք է թողարկվեր դեռ 90-ականներին, դրա վրա խումբն աշխատում էր 1992-ից (!!!), բայց Creation լեյբլը խմբից հրաժարվեց: Պատճառը շատ ծիծաղելի կթվա My Bloody Valentine-ի երաժշտությունը ճանաչողների և սիրողների համար. պարզվում է` խմբի Loveless ալբոմը, որը համարվում է գլուխգործոց, լեյբլին սնանկացման եզրին էր հասցրել:

Խումբը վերջին 20 տարի ընթացքում ցրվեց, վերամիավորվեց, իսկ Քեվին Շիլդսը պարբերաբար վերադառնում էր նոր գործերին: Ու վերջապես, տարիների տանջանքներից, սպասումներից, չիրականացած խոստումներից (մոտ 10 օր առաջ էիր խոսք տվել, որ նոր ալբոմը 2-3 օրից լույս կտեսնի, պարոն Շիլդս) հետո mbv-ն լույս աշխարհ է եկել և պատրաստ է շուգեյզի բոլոր կանոններով քերել մարդկանց ուղեղներն ու հոգիները:

Ալբոմը հասանելի է երեք ֆորմատով` վինիլների, ձայնասկավառակների վրա և թվային տարբերակով: Վինիլը ձայնագրվել, միքսվել և մաստեր է արվել անալոգ եղանակով: Խմբի կայքում նշվում է, որ ֆորմատների շապիկները դեռ պետք է վերջնականացվեն, դրանք տարբեր են լինելու, բայց բոլորն էլ լինելու են հիմնականին նման:

mbvMy Bloody Valentine-ի երրորդ ստուդիական ալբոմն է, որի երգացանկը հետևյալն է.

01. she found now
02. only tomorrow
03. who sees you
04. is this and yes
05. if i am
06. new you
07. in another way
08. nothing is
09. wonder 2

Հ.Գ. Արտասահմանյան մամուլն այսօր կարդալիս առանձնացրել ենք մի քանի մեջբերում, որոնք կատարյալ կերպով արտահայտում են mbv-ին սպասողների տարիների տանջանքը.

My Bloody Valentine finally releases new album, mbv. You’re not dreaming. Really. -Paste Magazine

And after a sleepless night, pressing refresh over and over again to get the bloody thing to download, a lot of people have woken up, played a record louder than their doctor recommends and gone and got a bit weepy over breakfast. -This is Fake DIY

Congrats guys, you broke the Internet! – Under The Radar